Ռուսաստանը վերացնում է զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները
Աշխարհ
Ռուսաստանը վերացնում է զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ցանկալի է համարվում, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկի հավելյալ միջոցներ՝ ուղղված երկրի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովմանը:
Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսման մասին:
Բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը՝ Պուտինը հայտարարել է. «Մեզ հասցեագրված Թուրքիայի նախագահի նամակից հետո որոշում է ընդունվել սկսել թուրք գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց:
Զրույցի սկզբում ես, բնականաբար, ցավակցություն հայտնեցի երկրի նախագահին, ողջ թուրք ժողովրդին՝ կապված Ստամբուլում կատարված ահաբեկչական ակտի հետ:
Կառավարությանը խնդրում եմ սկսել Թուրքիայի հետ ընդհանրապես առևտրատնտեսական կապերի կարգավորման գործընթաց: Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիայի ղեկավարությունը կանի իրենից կախված ամեն բան՝ ապահովելու համար Թուրքիայի տարածքում մեր քաղաքացիների անվտանգությունը»:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Թուրքիայում օբյեկտիվ կլինի զինյալ Ալփարսլան Չելիքի դեմ դատավարությունը, ով մեղադրվում է ռուս օդաչուի սպանության համար:
Կրեմլի մամլո ծառայությունը հաստատել է, որ Պուտինը մոտ ապագայում անձնական հանդիպում է ունենալու Էրդողանի հետ, իսկ երկու երկրի արտգործնախարարները հուլիսի 1-ին Սոչիում կհանդիպեն ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Կրեմլում ընդգծել են, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ սիրիական կարգավորման վրա շեշտադրմամբ, ինչպես նաև ռուս-թուրքական կապերի հետագա զարգացումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում