Բաղրամյան փողոցի դեպքերի առնչությամբ ևս երկու ոստիկանի է մեղադրանք առաջադրվել
Իրավունք
2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:
Օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին