Գենդերային անհավասարության ցայտուն օրինակներ՝ դպրոցներում և նախակրթարաններում
Հասարակություն
«Գենդերային անհավասարության ցայտուն դրսևորումներ կան նախակրթարաններում և դպրոցներում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության բացակայության բացասական հետևանքները աշակերտների և մանկապարտեզ հաճախող երեխաների վրա մեծ ազդեցություն են ունենում, և այս խնդրի լուծումը փնտրելիս պետք է սկսել հենց մանկապարտեզից և դպրոցից»:
Նման տեսակետ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի շարունակական կրթության և վերապատրաստման բաժնի պետ Նարինե Դավթյանը՝ դեկտեմբերի 21-ին «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած քննարկման ժամանակ, որը կրում էր «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը և կանանց քաղաքական մասնակցությունը» խորագիրը:
Ներկայացնելով «Կանայք և կրթության հիմնախնիրները» զեկույցը՝ տիկին Դավթյանը նշեց, որ հանրակրթական դպրոցներում մանկավարժական անձնակազմում տղամարդ ուսուցիչները չափազանց փոքր թիվ են կազմում: Ըստ բանախոսի՝ դպրոցներում դասավանդող ուսուցիչների 97,7 տոկոսը կանայք են: Սա ունի իր բացասական հետևանքները, քանի որ տղա երեխաների դաստիարակման հարցում տղամարդ ուսուցիչների դերը չափազանց մեծ է:
Տիկին Դավթյանի փոխանցմամբ՝ այս խնդիրն ունի նաև սոցիալական ուղղվածություն. տղամարդիկ չեն ցանկանում աշխատել դպրոցներում, քանի որ աշխատավարձը շատ ցածր է: Նարինե Դավթյանի հաջորդ դիտարկումն առնչվում էր դպրոցական դասագրքերին: Վերջինիս համոզմամբ՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության առավել ցցուն օրինակներ են դպրոցական դասագրքերում առկա նկարները, որտեղ կանայք միշտ խոհանոցում են:
Բանախոսը շեշտեց, որ այս մոտեցումը գալիս է դեռ սովետական շրջանից, և ցավալի է, որ այսքան տարի անց մենք չկարողացանք արմատախիլ անել գենդերային անհավասարությանը նպաստող նման բացասական երևույթները:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ