Քաղաքացիների հանդեպ վիրավորանք չկա, եթե միտքը չշահարկեն.խոսնակը՝ ոսպի փոխարինիչ գնելու հորդորի մասին
Հասարակություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ թանկացած ոսպի, հնդկաձավարի փոխարեն դրանց փոխարինիչները գնելու հորդորը բնավ չի բացառում կառավարության գործողությունները խնդրի զսպման ուղղությամբ և քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է գնահատել նախարարի արտահայտությունը՝ գնել փոխարինիչ, եթե ոսպը թանկ է:
«Ցանկացած մեջբերմանը, համատեքստից դուրս օգտագործելու դեպքում, կարելի է բազմաթիվ այլ իմաստներ հաղորդել: Եթե լսեք միտքն ամբողջական, ապա պարզ է, որ բերված էր սպառողական վարքագծի իրավիճակային օրինակ, որը կարող է ազդել գների բարձրացման վրա՝ ի թիվս այլ արտաքին գործոնների: Եվ այն բնավ չի բացառում կառավարության գործողությունները՝ խնդրի զսպման ուղղությամբ, ու այն քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում, եթե միտքը չշահարկեն»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով «փոխարինիչ» բառին՝ խոսնակը պարզաբանեց, որ օրերս բառի վերաբերյալ մասնագիտական սահմանումը տվել է սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Նա հորդորեց ծանոթանալ դրան, տեսնել, թե կոնկրետ ինչ օրինակներ են բերվում նախարարի ասած փոխարինչի համար:
Նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս իր ասուլիսում անդրադարձել էր որոշ մթերքների թանկացման թեմային, հորդորել խուճապի չմատնվել: Նա մասնավորապես նշել է, որ եթե տեսնում ենք ոսպի և հնդկաձավարի գները թանկանում են, ապա մարդիկ որպես սպառողներ կարող են ընտրել մյուս փոխարինիչները, որոնք առկա են: Նա նկատել էր, որ այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)