«Ժողովուրդ». Երբ են պլանավորում արտահերթ ընտրություն անցկացնել
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավը քննարկում է ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանում առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ու պետք է շատ ակտիվ պատրաստվել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ականներին ասել են, թե ընտրությունները լինելու են մայիս-հունիս ամիսներին, ինչի համար էլ պետք է բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կարելի է ասել՝ գրեթե նույն ժամանակահատվածի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր փակ հանդիպումներում խոսում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին:
Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս գործարարների հետ է առանձին-առանձին հանդիպումների ժամանակ իր խոսքում ակնարկել, որ պետք է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրությունների ու հորդորել է միասին գնալ այդ ընտրություններին:
Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն ժամանակահատվածում են պլանավորում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն քաղաքական իշխանությունները դրա մասին չեն ցանկանում դեռեւս բարձրաձայնել»: