«Հրապարակ». Գոգյանը մերժել է նախարար դառնալու առաջարկը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։
Հիշեցնենք, որ նա այս տարվա մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում գրեց, բայց մինչեւ սեպտեմբեր դեռ պաշտոնավարում էր։ Մոտ 2 տարի ԲՈԿ նախագահ աշխատած Գոգյանն իր որոշումը բացատրում էր նրանով, որ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Մեզ հետ զրույցում Գոգյանը հաստատեց, որ իրեն նման առաջարկ եղել է․ «Բանավոր զրույց եղել է այդ թեմայով»։
Հարցին՝ իր եւ Փաշինյանի միջե՞ւ է այդ զրույցը եղել, նախկին պաշտոնյան բացասական պատասխան տվեց՝ մանրամասներ չհայտնելով։ Չհամաձայնելու պատճառների մասին էլ ասաց․ «Եթե ես համաձայն չեմ, որ ԿԳՄՍ կառույց պետք է լինի Հայաստանում, ո՞նց կարող եմ ես այդ կառույցը ղեկավարել»։ Իսկ մերժումը կապվա՞ծ է պատերազմի հետեւանքների հետ։ «Մերժելը՝ չէ, բայց, ինձ թվում է, առաջարկելը կապ ուներ»։ Նա չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի»: