«Հրապարակ». Երևանում՝ Հարավկովկասյան երկաթուղու տարածքում, թուրքական մետեոսարքեր են ընկել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում: Դրանք սովորաբար օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող երեւույթներն ուսումնասիրելու համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակը մեզնից լսեց թուրքական օդապարիկների մասին: «Որեւէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Ինչո՞ւ էին թուրքական օդապարիկները չափումներ կատարում Հայաստանի օդային տարածքում: Կայի՞ն արդյոք դրանց ամրագրված տեսախցիկներ կամ այլ սարքեր․ այս հարցերը ներկայում ԱԱԾ ուսումնասիրության տիրույթում են: Սակայն, ըստ մեր տվյալների, ԱԱԾ-ն թուրքական օդապարիկների վերաբերյալ տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով:
ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ ասացին. «Էրեբունի վարչական շրջանի տարածքում հայտնաբերված՝ անհայտ ծագում ունեցող սարքը ԱԱԾ կողմից ուսումնասիրվել է եւ որեւէ սպառնալիք չի ներկայացնում»: