Իսպանիայում կապիկների ջրծաղիկի ութ կասկածելի դեպք են հայտնաբերել
ԱշխարհԻսպանիայի Մադրիդ ինքնավար համայնքում կապիկների ջրծաղիկի ութ կասկածելի դեպք է հայտնաբերվել, հաղորդում է El País-ը:
Լրատվմիջոցի տեղեկատվությամբ՝ այս տվյալների ի հայտ գալու ֆոնին Թագավորության առողջապահության նախարարությունը եւ տարածաշրջանային իշխանությունները բժշկական տագնապ են հայտարարել։ Մանրէաբանության ազգային կենտրոնը թեստավորել է այն անձանց, ում մոտ կասկածվում է հազվագյուտ հիվանդությունը։
Վերջին օրերին վարակի դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում եւ Պորտուգալիայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կապիկների ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական եւ արեւմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արեւադարձային խոնավ անտառների մոտ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները եւ պրիմատները, իսկ մարդուց մարդուն փոխանցման միջոցով դրա երկրորդական տարածումը սահմանափակ բնույթ է կրում: Սովորաբար, կապիկների ջրծաղիկից մահացության մակարդակը կազմում է 1-10 տոկոս, ընդ որում մահերի մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում, հայտնում է կազմակերպությունը: Կապիկների ջրծաղիկի համար հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ջրծաղիկի դեմ նախնական պատվաստումը նաեւ ապահովում է հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում: