ԵՄ-ն կարող է արգելել երրորդ աշխարհի երկրներին նավթ գնել Ռուսաստանից. Լեհաստանի վարչապետ
ԱշխարհԵվրամիությունը քննարկում է երրորդ աշխարհի երկրներին Ռուսաստանից նավթ գնելն արգելելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, փոխանցում է РИА Новости-ն։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ երրորդ աշխարհի երկրներին ռուսական նավթ գնելն արգելելու գաղափարը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Եվրոպայում։
«Լեհաստանը և Եվրամիության ավելի ու ավելի շատ երկրներ բարձրաձայն խոսում են այսպես կոչված երկրորդական պատժամիջոցների մասին: Նախ, սա պատժամիջոցների կիրառման հնարավորությունն է այնպես, որ ռուսական նավթը հնարավոր չլինի վաճառել նաև երրորդ աշխարհի երկրներին՝ Եվրամիությունից դուրս երկրներին»,- ասել է նա։
ԵՄ առաջնորդները նախկինում քաղաքական համաձայնություն են ձեռք բերել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ, որը ներառում է, ի թիվս այլ բաների, աստիճանական էմբարգոյի սահմանում Ռուսաստանից ծովով նավթի և նավթամթերքի ներմուծման վրա։