Վրաստանի կառավարությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ նախագահի
ՎրաստանՎրաստանի կառավարությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իշխանության ճյուղերի միջև իրավունքներն ու լիազորությունները հստակեցնելու խնդրանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի տարածած մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է Ջավելիձեն, Սահմանադրական դատարան դիմելու պատճառը կառավարության առաջարկով մի շարք երկրներում դեսպաններ նշանակելուց նախագահի մերժումն է։ Ըստ նախարարների կաբինետի՝ դեսպանների նշանակումը և նրանց պաշտոնանկությունը չի մտնում Վրաստանի նախագահի սահմանադրական լիազորությունների մեջ։
«Վրաստանի կառավարությունը պարզաբանումներ է պահանջում Վրաստանի նախագահի և կառավարության միջև իրավունքների և լիազորությունների բաշխման վերաբերյալ՝ կապված Վրաստանի դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նշանակման հետ», - ասել է Ջավելիձեն։
Իշխող «Վրացական երազանք Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության և նախագահի միջև վեճերը սկսվեցին այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին, մարտին ելույթ ունենալով խորհրդարանում իր ամենամյա ուղերձում, ասաց, որ ինքը այցելել է մի շարք եվրոպական երկրներ՝ առանց կառավարության համաձայնության։ Իշխող կուսակցությունը նախագահին մեղադրել է սահմանադրությունը խախտելու մեջ, իսկ ավելի ուշ կառավարությունը հավելել է, որ նախագահը դեմ է մի շարք դեսպանների նշանակմանը։ Դիվանագետների անունները չեն նշվում։
Սահմանադրության համաձայն՝ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է խորհրդարանը, իսկ դրանք իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։