Թալիբները մարդու իրավունքների թեման քաղաքականացված են համարում
ԱշխարհԱֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ձեւավորած ժամանակավոր կառավարությունում մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը երկուշաբթի հայտարարել է, որ մարդու իրավունքների թեման քաղաքական նպատակներ իրականացնելու համար է բարձրացվում։
«Աշխարհը մարդու իրավունքների հարցերը իր որոշ քաղաքական նպատակների համար է բարձրացնում: Դուք տեսնում եք, որ անցյալ տարվա համեմատ պահպանվում են յուրաքանչյուր մարդու իրավունքները, եւ մեր դատարանները փորձում են լուծել խնդիրները»,- ասել է Մուջահիդը, որի խոսքերն է մեջբերում աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ «Նրանք բարձրացնում են մարդու իրավունքների ոտնահարման հարցը, սակայն ապացույցներ չունեն»,- հավելել է նա։
Միեւնույն ժամանակ, թալիբների ներկայացուցիչը տարածաշրջանի եւ աշխարհի երկրներին կոչ է արել պաշտոնական երկխոսություն սկսել «Աֆղանստանի իսլամական էմիրության» հետ (պետության անվանումը, որն օգտագործում են թալիբները) եւ համագործակցել երկրի նոր կառավարության հետ՝ խնդիրների վերաբերյալ առանց ապացույցների մտահոգություններ հայտնելու փոխարեն։