Բուքինգհեմյան պալատի նախկին խոհարարը բացահայտել է, թե ինչ են թագուհուն մատուցում թեյի հետ
ԱյլԹագավորական խոհարար Դարեն Մաքգրեյդին, ով 15 տարի աշխատել է Բուքինգհեմյան պալատում, պատմել է, որ Եղիսաբեթ II թագուհին ամեն օր թեյ է խմում խմորեղենի և սենդվիչների հետ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
«Երբ սկսեցի աշխատել Բուքինգհեմյան պալատում որպես երիտասարդ խոհարար, ինձ համար զարմանալի էր տեսնել, թե որքան կարևոր է կեսօրվա թեյը թագուհու համար», - ասել է Մաքգրեյդին:
Թեյի հետ միասին Եղիսաբեթ II-ն ուտում է երկու տեսակի սենդվիչներ, որոնք հաճախ մատուցում են անգլիական խոզապուխտով, ինչպես նաև տորթերով և ռուլետներով։
«Ինչ վերաբերում է բուլկիներին, ապա մի օր մատուցում են սովորական, մյուս օրը՝ չամիչով։ Բացի այդ, սեղանին դրվում են ազնվամորու տարտալետներ, կտրատված տորթ, մեղրով-կրեմով բիսկվիթ, մրգային տորթ, բանանով հաց կամ նրա սիրելի շոկոլադե բիսկվիթը»,- ասել է Դարեն Մաքգրեյդին։
Շեֆ-խոհարարի խոսքով՝ թագուհին ունի նաև սիրելի թեյ՝ «Էրլ Գրեյը»։