Պուշիլինը կոչ է արել «ազատագրել ռուսական քաղաքները»՝ Կիևը, Չեռնիգովը, Օդեսան
ԱշխարհԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը Telegram-ի իր ալիքում ասել է, որ եկել է ժամանակը «ազատագրելու ռուսական քաղաքները»՝ Կիևը, Չերնիգովը, Պոլտավան, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժյեն, Լուցկը, հաղորդում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով` դրանք քաղաքներ են, որոնք հիմնադրել են «ռուս ժողովուրդը»։
«Այսօր եկել է ժամանակը նորից ազատագրելու ռուս ժողովրդի հիմնադրած ռուսական քաղաքները՝ Կիևը, Չերնիգովը, Պոլտավան, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժյեն, Լուցկը»,- գրել է ԴԺՀ-ի ղեկավարը։
Նրա գրառումը նվիրված էր Բրեստ քաղաքի ազատագրման 78-րդ տարեդարձին, որը, ինչպես ինքն է նշում, դարձել է «ռուս զինվորի արիության ու դիմադրության օրինակ»։
Նա հավելել է, որ Բրեստի ամրոցը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ, իսկ Դոնբասը «ռուս ժողովրդի ֆորպոստն է»։