600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքը
Աշխարհ
Ֆրանսիայում աջակողմյան CNews հեռուստաալիքի եթերը դադարեցնելու պահանջով ստորագրահավաքը հատել է 600 հազարի սահմանը։ Պահանջը մեծ աջակցություն է ստացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 23-ին Փարիզի արվարձաններում ռասիստական հարձակման հետևանքով սպանվել է Կոնգոյի ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի, ևս յոթ մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է։
39-ամյա կասկածյալը ձերբակալվել և մեղադրվել է սպանության ու սպանության փորձի մեջ։ Դատախազության տվյալներով՝ նա հայտարարել է, որ թիրախավորել է մարդկանց, որոնք իր կարծիքով մուսուլմաններ, աֆրիկացիներ կամ հյուսիսաֆրիկյան ծագում ունեցողներ են։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը CNews հեռուստաալիքի ակտիվ դիտող է եղել։
Քննադատները պնդում են, որ հեռուստաալիքը եթերում չափազանց մեծ տեղ է հատկացնում ներգաղթյալների դեմ ուղղված հռետորաբանությանը և տարածում ծայրահեղ աջակողմյան հայացքներ։ CNews-ը պատկանում է ֆրանսիացի միլիարդատեր Վենսան Բոլորեին և հաճախ համեմատվում է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ։
Հեռուստաալիքի փակման պահանջով ստորագրահավաքը մեկնարկել էր դեռ հունիսին, սակայն վերջին օրերին ստորագրությունների թիվը կտրուկ աճել է։ Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքում հրապարակված նախաձեռնությունը 600 հազար ստորագրություն հավաքելուց հետո կարող է քննարկման դրվել խորհրդարանի ստորին պալատում, թեև դա ինքնաբերաբար չի նշանակում, որ քննարկում կկայանա։
CNews-ը հրաժարվել է մեկնաբանել ստորագրահավաքը՝ այն որակելով քաղաքական նախաձեռնություն։ Ավելի վաղ հեռուստաալիքը հերքել էր ծայրահեղ աջակողմյան հայացքներ և ռասիստական կարծրատիպեր տարածելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ պաշտպանում է խոսքի ազատությունը։
Հեռուստաալիքի դեմ դժգոհությունը սրվել է նաև Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Ձախակողմյան քաղաքական գործիչներն ու բնապահպանական շարժման ներկայացուցիչները պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ իրենց բնորոշմամբ, ռասիստական ատելության տարածումը կանխելու համար։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար