ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւին
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:
Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը և ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաև կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր: