Ալբանացիները «գաղտնի» փաստաթղթեր են փնտրել Իրանի դեսպանատանը. Reuters
Համաշխարհային ՄամուլReuters-ը հայտնում է, որ ալբանացի ոստիկանները շրջափակել են Իրանի դեսպանատունը և ներխուժել ներս այն բանից հետո, երբ ողջ անձնակազմը լքել է շենքը։
Գործողությանը մասնակցել են ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ջոկատի անդամներ։
«Նախ շենք մտան ոստիկանները՝ ամբողջ մարտական հանդերձանքով, այնուհետև մի շուն և մի քանի այլ իրավապահներ՝ հատուկ սարքավորումները ձեռքներին այն բանից հետո, երբ իրանցի դիվանագետները շենքում փաստաթղթեր այրեցին», - ասել է Reuters-ը:
Ալբանիան նախկինում մեղադրել է Իրանին ալբանական կառավարական ծառայության դեմ կիբերհարձակման փորձի մեջ և չորեքշաբթի խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսլամական հանրապետության հետ՝ իրանցի դիվանագետներին մեկ օր ժամանակ տալով երկիրը լքելու համար: Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Ալբանիայի որոշումը՝ այն անվանելով անհեռատես, ինչպես նաև հայտարարել է, որ կիբերհարձակումների մեղադրանքները և Թեհրանի դեմ Տիրանայի և երրորդ երկրների նախօրոք պատրաստված ծրագիրը անհիմն են։