«Նա միշտ իմ կողքին էր, ոգևորում էր, ես նրան շատ կկարոտեմ»․ Էլթոն Ջոնը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին
Համաշխարհային ՄամուլԲրիտանացի աշխարհահռչակ երգահան, երգիչ Էլթոն Ջոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը։
Երաժիշտը հարգանքի տուրք է մատուցել թագուհուն Տորոնտոյում իր համերգի ժամանակ։
«Ցավալի լուր ստացանք, որ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթը մահացել է։ Նա ոգեշնչում էր իր շրջապատին, այդ թվում՝ ինձ: Նա ֆանտաստիկ մարդ էր: Նա երկիրը առաջնորդեց մեծագույն իրադարձությունների և ամենագորշ ժամանակաշրջանների ընթացքում, և այդ ամենը՝ շնորհքով, ազնվականությամբ, անկեղծ սիրով և ջերմությամբ»,- Էլթոն Ջոնի խոսքերը մեջբերում է Variety-ն։
«Ես 75 տարեկան եմ, նա ամբողջ կյանքում եղել է ինձ հետ, և ես շատ տխուր եմ, որ նա այլևս չի լինի իմ կողքին: Բայց ես ուրախ եմ, որ նա հոգեկան հանգստություն գտավ, նա արժանի էր դրան, քանի որ նա չափազանց շատ աշխատեց»,- հանրության ծափահարությունների ներքո ասել է անվանի երաժիշտը:
Ավելի ուշ Ջոնը սոցիալական ցանցերում գրել է, որ Եղիսաբեթ թագուհին «իր կյանքի հսկայական մասն է եղել մանկությունից մինչ օրս»:
«Ես նրան շատ կկարոտեմ»,- եզրափակել է նա։