ԱՀ գլխավոր դատախազն ընդունել է ադրբեջանցիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին
ՀասարակությունԱյսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է հունվարի 17-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին, նրանց ծնողներին և ուղեկցող ուսուցչուհի Աիդա Գյանջումյանին, տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազության ֆեյսբուքյան էջից։
Երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասները։ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել երեխաների հաստատակամությունը:
«Այն, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է մոլի հայատյացության վրա, անառարկելի ու անվիճելի է: Դեռահաս տարիքում գտնվող երեխաներին գորգոռոցներով ու հարձակողական բնույթի գործողություններով ահաբեկելը և ճնշելը դրա հերթական դրսևորումներից է, որը կոչված է ապացուցելու, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար ունակ է ոտնձգելու նույնիսկ երեխաների դեմ»,- հանդիպման ժամանակ նշել է Գուրգեն Ներսիսյանը: