15 զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ԻրավունքՀՀ ՊՆ N զորամասի կացարանում 15 զինծառայողի մահվան հանգեցրած հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, որոնք ողջ գիշեր աշխատել են։ Ներգրավվել են նաև փորձագետներ և կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Դա նախնական վարկած է, որն այս պահի դրությամբ հիմնավորվել է»,- ասաց Քարամյանը։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: