ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Ստոկհոլմում Ղուրանի այրումը
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողությունը։ Նրա խոսքերը հունվարի 23-ին կայացած ճեպազրույցում հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լիովին աջակցում է Քաղաքակրթությունների դաշինքի ղեկավար Միգել Անխել Մորատինոսի հայտարարությանը, ով դատապարտել է Սուրբ Ղուրանի այրման այս արարքը»,- ասել է Դյուժարիկը։
Գուտերեշի խոսնակը նաև միջադեպն անվանել է իսլամի, հուդայականության և այլ կրոնների դեմ դիտվող «աճող ատելության» ևս մեկ խորհրդանիշ:
«Նման գործողությունները պետք է հստակորեն դատապարտվեն, ինչը մենք անում ենք»,- ընդգծել է նա։
Հունվարի 21-ին քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջեւ հրապարակայնորեն այրել է Ղուրանը։ Տեղական լրատվամիջոցները գրել են, որ ակցիան տեղի է ունեցել տեղական իշխանությունների թույլտվությամբ։