Ֆինլանդիայի ԱԳ նախարարը չի բացառել, որ երկիրը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չսպասելով Շվեդիային
ԱշխարհՖինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հավիստոն երեքշաբթի ասել է, որ Հելսինկին կարող է վերանայել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) համատեղ և միաժամանակ միանալու առաջարկը, եթե Շվեդիայի հայտը հետաձգվի ավելի երկար ժամանակով։
Շվեդիայի հետ ՆԱՏՕ համատեղ մուտքը մնում է առաջնահերթություն՝ հաշվի առնելով Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգության շահերը, երեքշաբթի ֆիննական Yle պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Պ. Հավիստոն։
Նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ շաբաթ օրը Ստոկհոլմում թուրքական դեսպանատան մոտ Ղուրան են այրել:
Նախարարը նշել է, որ Շվեդիայում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաները հետաձգել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների քննարկումը։ Նա կարծում է, որ ցուցարարները ձգտում են հրահրել Թուրքիային և ազդել նրա քաղաքացիների ու քաղաքական գործիչների կարծիքի վրա։
Երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին այժմ կհետաձգվի մինչև առնվազն մայիսի կեսերը՝ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները, ասել է Պ. Հավիստոն։
Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան փորձում են պայմանավորվել «վաղ գարնանը» նոր եռակողմ հանդիպման շուրջ՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է նախարարը։