Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ մեխանիզմն այժմ իմաստ չունի․ Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ մեխանիզմն այժմ իմաստ չունի, ուստի այն հետաձգվել է, ասել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Ստոկհոլմում վերջին մի քանի օրերի բողոքի ցույցերի և քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանի կողմից Ղուրանը այրելու պատճառով՝ շվեդական իշխանություններից ցույցի անցկացման թույլտվություն ստանալուց հետո։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս դնի Թուրքիայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունվարի 24-ին դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի եռակողմ բանակցությունները հետաձգվել են Անկարայի խնդրանքով։
«Այս պայմաններում եռակողմ բանակցություններն անիմաստ են: Ո՞րն է մեխանիզմի էությունը. ճշտապահորեն կատարել հուշագրի պայմանները: Բայց ներկայիս իրավիճակը դժվար թե բանակցությունների համար անհրաժեշտ առողջ մթնոլորտ ստեղծի: Շվեդիան լուրջ քայլեր չի ձեռնարկել հուշագրի պայմանները կատարելու համար՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, իբր՝ փոխում են օրենքներ, սահմանադրությունը։ Հետևաբար, մեխանիզմի գործարկումն այժմ իմաստ չունի»,- հինգշաբթի օրը Անկարայում իր սերբ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։