Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է օգնել Թուրքիային գնել ամերիկյան F-16-ները
ԱշխարհԱՄՆ-ը թուրքական կողմի հետ զրույցներում նրանց ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է շատ ավելի բարենպաստ տեսակետ ունենալ Անկարային F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ, եթե Թուրքիան հավանություն տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է պետքարտուղարի տեղակալը, ԱՄՆ վարչակազմը համաձայն է, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին։
Նա նշել է, որ այդ երկրների դաշինքին միանալու մասին արձանագրությունները վավերացվել են բոլորի կողմից, բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի։
Նրա խոսքով, այդ հարցը բարձրացվում է Անկարայի և Վաշինգտոնի միջև յուրաքանչյուր խոսակցության ժամանակ։
«Մենք այս մասին խոսում էինք մեր թուրք դաշնակիցների հետ, <...> որ Կոնգրեսը, հավանաբար, դրան (F-16-ի վաճառքին - խմբ․) շատ ավելի բարենպաստ կվերաբերվի [Թուրքիայի կողմից Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունների] վավերացումից հետո»,- ասել է Նուլանդը։