Իսրայելի նախագահը զանգահարել է Ալիևին
ԱշխարհԻսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված «ահաբեկչական գործողությունը», Sputnik-ի փոխանցմամբ՝ հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։
Հերցոգն իր ցավակցությունն է հայտնել Ալիևին, Ադրբեջանի ժողովրդին և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության մահացած պետ Օրխան Ասկերովի հարազատներին ու ընկերներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ալիևն ասել է, որ «դեսպանատան մեկ այլ պահակ մերկ ձեռքերով հարձակվել է ահաբեկչի վրա և հմուտ գործողություններով զինաթափել նրան»։ Նրա խոսքով՝ եթե ահաբեկչին չզինաթափեին, ապա կարող էին տուժել դեսպանատան մյուս աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները, որոնք ապրում են դեսպանատան շենքում։
Նա նաև ցավակցություն է հայտնել Իսրայելի նախագահին և Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ալիև հայտարարել է, որ Ադրբեջանը՝ «որպես ահաբեկչությունից տառապող պետություն», դատապարտում է ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները՝ անկախ դրա դրդապատճառներից։