«Ադրբեջանը կարող է մեկ դար Եվրոպային էներգիայով ապահովել»․ Ալիև
ԱշխարհԱդրբեջանը բավականաչափ էներգիա ունի, որպեսզի բավարարի Եվրոպայի կարիքները՝ որպես վստահելի մատակարար առաջիկա հարյուր տարում, խոստացել է նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիա կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է MTI գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ադրբեջանն անվանել է Եվրոպա էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման լավագույն ուղղություններից մեկը՝ Ռուսաստանից գազի ներկրման կրճատման և Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին։ Օրբանը հիշեցրել է, որ ադրբեջանական գազը կմատակարարվի ԵՄ, այդ թվում՝ Հունգարիայի միջոցով, ուստի իր երկիրը, ինչպես նաև Բուլղարիան, Ռումինիան և Սլովակիան այսուհետ կապահովեն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաեվրոպական էներգետիկ անվտանգությունը։
«Մենք ուրախ ենք, որ Հունգարիան դառնում է լուծման մի մասը, այլ ոչ թե խնդրի՝ Եվրոպայի էներգամատակարարման առումով»,- ասել է Հունգարիայի վարչապետը։ Նա նաև հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ադրբեջանից էներգակիրների մատակարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծերին։
Նաև Ադրբեջանի նախագահի Հունգարիա կատարած այցի ընթացքում կողմերը 7 համաձայնագիր են ստորագրել, որոնցից գլխավորը ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրն է։