Վրաստանի նախագահը պատմել է, թե ինչու Զելենսկին իրեն չի հրավիրում Ուկրաինա
ԱշխարհՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր չի այցելել Ուկրաինա՝ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու կողմից հրավերի բացակայության պատճառով, հայտնում է Georgia.Online-ը։ Նրա խոսքով՝ պատրաստ է ցանկացած պահի մեկնել Կիև, եթե իրեն հրավիրեն։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ուկրաինայի նախագահը մինչ այժմ իրեն հրավեր չի ուղարկել, Զուրաբիշվիլին նշել է, որ դժվար թե դա պայմանավորված լինի Զելենսկու անձնական վերաբերմունքով։ Նա չի բացառել, որ այն պայմանավորված է երկու երկրների իշխանությունների փոխգործակցության ներկա մակարդակով։
Վրաստանի նախագահը նաև հավելել է, որ դա չի նշանակում իր՝ Կիև մեկնելու հնարավորության իսպառ բացակայություն։ Նա ընդգծել է, որ հնարավոր է հրավեր ստանա Ղրիմի պլատֆորմի ֆորումի ժամանակ, որին ինքը պատրաստվում է մասնակցել։