Էրդողանը հայտնել է՝ որ դեպքում կհաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը
ԱշխարհԱնկարան Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհաստատի միայն այն բանից հետո, երբ Ստոկհոլմը կկատարի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ստանձնած պարտավորությունները։ Նախկին պայմանները մնում են անփոփոխ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Վիլնյուսում շուտով տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը [հուլիսի 11-12-ը]։ Հուսով եմ՝ կմասնակցեմ դրան, եթե արտառոց իրավիճակ չլինի։ Շվեդիայի ակնկալիքները [Անկարայի մոտեցման փոփոխության վերաբերյալ] չեն նշանակում, որ մենք կարդարացնենք դրանք։ Որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան շարունակում է Շվեդիայից պահանջել ահաբեկչությանը հակազդելու պահանջների առավել մանրամասն իրականացում, որոնք Ստոկհոլմը դեռ ամբողջությամբ չի կատարել, հետևաբար Թուրքիան մտադիր չէ հաստատել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը: