Սենատորները կոչ են արել Պենտագոնի ղեկավարին Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ չանցկացնել
ԱշխարհԱՄՆ–ում սենատորներ Բենջամին Քարդինը (Մերիլենդ) և Էլիզաբեթ Ուորենը (Մասաչուսեթս) դիմել են պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ կոչ անելով Ադրբեջանին բացառել այն երկրների ցանկից, որոնք կմասնակցեն 2024 թվականին ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին։
Ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռ չի հաստատել 2024 թվականին ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին ադրբեջանական զինուժի մասնակցությունը։
Այս շաբաթ Պենտագոնի ղեկավարին ուղարկած նամակում ասվում է, որ 2024 թվականին ԱՄՆ-ի գլխավորած զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը հակասում է «Լիհի օրենքին»: Այս օրենքը հատուկ արգելում է ԱՄՆ-ի ուղղակի ռազմական օգնությունը մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ ունեցող երկրներին։
Ամեն տարի Պենտագոնը համատեղ զորավարժություններ է անցկացնում օտարերկրյա զինվորականների հետ և շատ դեպքերում ֆինանսավորում է զինվորականների մասնակցությունն այդ զորավարժություններին։
Համաձայն Կոնգրեսին ներկայացված Պաշտպանության նախարարության 2024 թ․ ֆինանսական տարվա գործունեության ծրագրի՝ այս տարվա ծրագրում, մասնավորապես, ներառված են Մալին, Սուդանը, Բուրկինա Ֆասոն, Ադրբեջանը և Մյանմարը: