Հութիները Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական նավի վրա
ԱշխարհԵմենի ապստամբ հութիները՝ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները, Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական առևտրային նավի վրա, որը ուղևորվում էր Իսրայել: Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են արձակել բրիտանական առևտրային նավի վրա, որը Կարմիր ծովով մեկնում էր Պաղեստինի օկուպացված տարածքների նավահանգիստ»,- գրել է Սարիան X-ում:
«Անսար Ալլահի» խոսնակը չի հայտնել նավի անվանումը կամ տեսակը, սակայն նշել է, որ այն պատկանում էր Բրիտանիային:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրի օպերացիաների կենտրոնը (UKMTO) հաղորդել էր Հոդեյդա նավահանգստից 57 ծովային մղոն դեպի արևմուտք գտնվող նավի վրա հարձակման մասին: Հարձակման ենթարկված նավի նավապետը UKMTO-ին տեղեկացրել է, որ հինգշաբթի օրը՝ Երևանի ժամանակով մոտավորապես 14:00-ին, անձնակազմը պայթյուն է գրանցել նավի աջ կողմում: