«Դավիթ Հակոբյանը ոչինչ չիմացող Անահիտի ձեռքը բռնեց, տարավ թատրոն, հավատաց իմ ուժերին». Անահիտ Կիրակոսյան
ՀասարակությունԱյսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան 67-ամյակն է: Tert.am Life-ը զրուցել է դերասանի մտերիմ ընկերոջ, գործընկերոջ և ուսանողի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ում խոսքով՝ նրա հետ հանդիպումը շատ բան փոխեց իր կյանքում և կարիերայում:
«Դավիթ Հակոբյանն այն մարդն էր, ով դեռ ոչ մի բան չիմացող Անահիտին տվեց թևեր, ձեռքը բռնեց ու տարավ թատրոն, տվեց թատրոնում առաջին դերն ու բացեց այդ աշխարհի դռներն ինձ համար, հավատաց ինձ, իմ ուժերին»,-մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:
Անահիտ Կիրակոսյանի խոսքով՝ նա այն անձնավորությունն է, ում մասին խոսելիս բոլորը կոչում են վարպետ, անկախ նրանից իրենց դասավանդել է, թե ոչ:
«Ասում են՝ մեր վարպետը, որովհետև նա կարծես բոլորինն է: Եթե նրա հետ շփվում ես, կամ խոսք ես փոխանակում, ընթացքում սովորում ես: Ինձ համար նրա ասած յուրաքանչյուր տող կարծես աֆորիզմ լինի, ու մենք նույնիսկ ուսանողական տարիների ընթացքում, երբ լսում էինք նրան վարպետության դասի ժամանակ, քաղում էինք ամեն տողատակն ու բառը, որովհետև նա ուղղակի չէր խոսում: Նրա ամեն ասածի մեջ այնքան ասելիք կա, որ պարզապես պիտի լսել, սովորել ու շնորհակալ լինել:
Նա մեծատառով դասախոս է, դերասան, ռեժիսոր, արարող ու դրա հետ մեկտեղ՝ շատ հայրենասեր մարդ է, ով երբեք չլքեց իր հողն ու ջուրը, իր արմատները: Նա կրթել է մեզ, դաստիարակել, ուղորդել ու խմորել որպես մարդ:
Շատ ուրախ եմ, որ այսօր նրա ծննդյան տարեդարձն է, շնորհավորում եմ ու երջանիկ եմ, որ եղել եմ նրա ուսանողը, պատիվ եմ ունեցել 4 տարի շարունակ շփվել նրա հետ, խաղալ նրա իսկ ստեղծած թատրոնում ու ներկայացումներում: Ինքը իմ հավերժական սեր, մարդ, դասախոսն է: Ուզում եմ, որ միշտ լինի մեր կողքին»,- ամփոփեց Անահիտը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան