Սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները, 3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի. Սարգսյան
Արտակարգ ՊատահարՏավուշի մարզի սահմանազատված տարածքներում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Տավուշում սահմանազատումից հետո դիրքերի փոփոխություն եղել է, թե՞ ոչ:
Վերջինս նկատեց՝ տվյալ տարածքներն արդեն սահմանապահ զորքերի հսկողության գոտի են համարվում․ «Վերջին շրջանում չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք աշխատում: Նախկինում, եթե դժգոհում էին ինֆորմացիայի ոչ օպերատիվ տեղ հասնելուց, հիմա այդ խնդիրն էլ չկա: Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է»։
Հարցին՝ եթե սահմանապահ զորքերն արդեն ծառայություն են իրականացնում, արդյոք երրորդ բանակային կորպուսն այլևս գոյություն չունի, փոխնախարարը արձագանքեց․ «Երրորդ բանակային կորպուսը գոյություն ունի: Բնականաբար, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»։