Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում․ Միրզոյան
ՔաղաքականՀայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
ՀՀ ԱԳՆ-ում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորություն, պատմական պահ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը հավելեց, որ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել Հայաստանի կառավարության կողմից։