ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները
Արտակարգ ՊատահարԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման:
Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին, տեխնիկական հսկողության և կապալառու կազմակերպության հետ քննարկել առաջացած հարցերը: Լոռի բերդի համայնքապետի հետ քննարկվել են բերդի մուտքի դիմաց տեղադրվելիք տեղեկատվական կենտրոնին առնչվող հարցեր, որի շինարարության աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն:
Հաղպատի և Սանահինի վանքերում ուսումնասիրվել է եկեղեցիների ծածկասալերի վիճակը, արձանագրվել է, որ հատկապես Հաղպատում ծածկասալերից խոնավության ներթափանցման լրջագույն խնդիր կա:
Սանահինի կամրջի խելերի հիմքերից մեկը, լվացվելով վերջին ջրհեղեղից, ժայռային հատվածում փոքր-ինչ վնասվել է: Քննարկվել են վնասված հատվածի վերականգնման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ պատվերով շուտով կշարունակվեն նաև Լոռի բերդի պարիսպների և կսկսվեն բաղնիքների ամրակայման և վերականգնման աշխատանքները: