ԱՊՀ երկրների արտգործնախարարներն անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել
ԱշխարհՄոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել Եվրասիայում անվտանգության ապահովման գործում համագործակցության սկզբունքների մասին, որում մատնանշել են Եվրասիայում միջազգային իրավունքի համակարգի պահպանման կարևորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Հայտարարության մեջ ասվում է, որ Համագործակցության երկրները գիտակցում են եվրասիական տարածքում կայունության ապահովման համար միջազգային իրավունքի համակարգի պահպանման և պաշտպանության կարևորությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, միջազգային հարաբերություններում կանոնների, չափորոշիչների և նորմերի պարտադրման անթույլատրելիությունը, որոնց մշակման ժամանակ չի ապահովվել բոլոր շահագրգիռ պետությունների հավասար մասնակցությունը»,- նշել են մամուլի ծառայությունից։
Փաստաթղթում ամրագրված է միջազգային հանրության կոնսոլիդացման կոչը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հավաքական պատասխաններ գտնելու հարցում։
ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները վճռականորեն դատապարտել են ուժի միջոցով թելադրանքի ցանկացած փորձ, որն ուղղված է այդ թվում Եվրասիայում ինտեգրման և իրավահավասար համագործակցության գործընթացների խափանմանը։ Կազմակերպության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ են անում ձգտել շահերի հավասարակշռման և փոխզիջումային լուծումների որոնման՝ հակամարտությունները կանխելու և տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։