Գիտնականները Արեգակի վրա հզոր բռնկում են գրանցել
ԱյլԲռնկումը, որին տրվել է X ամենաբարձր գնահատականը, տեղի է ունեցել Արեգակի վրա դեկտեմբերի 29-ի առավոտյան։ Այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պրոֆեսորն ասել է, որ բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 10:08-ին (Երևանի ժամանակով 11։08–ին)։ Ընդ որում, 10 րոպե անց գիտնականները գրանցել են ճառագայթման գագաթնակետը։
«Իրադարձության պայթյունավտանգ փուլը տևել է մոտ կես ժամ։ Իրադարձության նախնական գնահատականն է X1.1»,- պարզաբանել է Բոգաչովը։
Նրա խոսքով՝ շուրջ մեկ շաբաթ է, ինչ արեգակնային ակտիվության աճ է նկատվում։ Այս ընթացքում արեգակնային բռնկումների թիվը նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ գրեթե կրկնապատկվել է, սակայն մինչ այժմ դրանցից ոչ մեկին չի տրվել X ամենաբարձր գնահատականը։
Ինչպես ասել է փորձագետը, բռնկումը տեղի է ունեցել Երկրի վրա հնարավոր ազդեցության գոտում։ Սրա հետևանքով դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը մոլորակի վրա կարող է տեղի ունենալ մագնիսական փոթորիկ, սակայն դրա ուժգնությունը կլինի չափավոր։