Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն
ՀասարակությունԳեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվարի 6-ին երիտասարդները հավաքվում են Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում: 2025 թվականը բացառություն չէր: Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ միջոցառումն իրականացվում է հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով։
Միջոցառման սկզբում Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Հոգևորականն իր խոսքում նշեց՝ անհրաժեշտ է, որ կարողանանք ատելության ու թշնամանքի փոխարեն՝ միմյանց փոխանցել, մեր շուրջը սփռել սեր ու ջերմություն, չլինենք անտարբեր մեկս մյուսի նկատմամբ:
Ազգային տոնի մասնակից եկեղեցու համայնքը, երիտասարդները երգեցին, պարեցին ու ազգային պարերը սովորեցրին մասնակիցներին: