ՌԴ-ում զայրացած են «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի երկակի խաղի վրա
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հանրությանը հայտնի է՝ որպես Հայաստանի ամենախոշոր ձեռնարկատերերից մեկը, երկար տարիներ զբաղվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ և բեռնափոխադրմամբ Հայաստանից դեպի Ռուսաստան: Գյուղատնտեսական բիզնեսը նրան հնարավորություն է տվել ունենալ որոշակի ազդեցություն ՀՀ-ում ապրող գյուղացիների վրա:
Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «Սպայկա»-ի դեմ քրեական գործեր հարուցվեցին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` պետությանը պատճառելով 7 036 666 312 ՀՀ դրամի վնաս: 2019-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը):
Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր, սակայն 1 միլիարդ դրամ գումար վճարելուց հետո դատախազի կողմից որոշում էր կայացվել խափանման միջոցը փոփոխելու մասին, որից հետո նա ազատ էր արձակվել: Թերևս 2024 թվականին արդեն հայտնի էր դարձել, որ պետությանը 7 036 666 312 ՀՀ դրամի վնաս պատճառած «Սպայկա» ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, և գործը կարճվել էր, ըստ մամուլի հրապարակումների, 18 000 000 դոլար վճարի դիմաց, երբ 5 տարի անց պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցել է։
Ստեղծված իրավիճակը, ըստ շրջանառվող լուրերի, Ղազարյանին ստիպեց իշխանությունների հետ գնալ գործարքի, և այս 7 տարվա ընթացքում նա խուսափել է ոչ միայն ազատազրկումից, այլև գործերը էլ ավելի լավ ընթացք են ստացել։
Միքայել Մինասյանի «մեծահոգաբար» արված լավությունը չի կանգնեցրել Դավիթ Ղազարյանին՝ իշխանափոխությունից հետո պատեհ և անպատեհ առիթներով վատաբանելու Սերժ Սարգսյանի փեսային` նշելով, որ «փողերը կերավ Միշիկը, փոխարենը կալանավորվեց և պատասխան է տալիս ինքը»:
Ստեղծելով նոր «փայլուն» հարաբերություններ փաշինյանական իշխանությունների հետ՝ Սպայկայի Դավիթը կարողանում է ինչ-որ չափով լուծել իր ազատության հարցը՝ տարբեր մանր ու միջին ծառայություններ մատուցելով ներկա իշխանություններին:
Դրա հետ մեկտեղ՝ նա ռուսաստանյան տարբեր շրջանակներին, այդ թվում՝ ուժային, համոզել է, որ ինքը Հայաստանում ունի մեծ ազդեցություն, որը հարկ եղած դեպքում կօգտագործի այնպես, ինչպես իրեն կասեն ՌԴ-ից՝ դրանով կանաչ լույս և արտոնություններ ստանալով այդ երկրում: Սակայն ընտրությունները որքան մոտենում են, այնքան բոլորն անում են իրենց հստակեցումները, և ռուսական որոշ շրջանակներ հասկացել են, որ Դավիթ Ղազարյանն իրենց տարիներ շարունակ օգտագործել է միայն իր բիզնես շահերն առաջ մղելու համար, և մոտեցումների փոփոխություններ են իրականացրել՝ գիտակցելով, որ դրա դիմաց իրենք որևէ դիվիդենտ չեն ստանալու, այդ թվում՝ Հայաստանում ընտրական ձայների տեսքով:
Հենց դա է պատճառներից մեկը, որ նա Ռուսաստանում դարձել է «պերսոնա նոն գրատա», և նրա համար սկսել են, մեղմ ասած, տխուր օրեր Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը կալանել է հայկական «Սպայկայի» մոտ 100 բեռնատար։ Դրա մասին գրել են ռուսական լրատվամիջոցները` հստակ չնշելով պատճառները: Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ ընկերության բեռնատարների կալանումը կապված է ընկերության կողմից որոշակի ֆինանսական պարտավորություններ չկատարելու հետ։
Նկատենք, որ այս պահին լուրջ խմորումներ են գնում Ռուսաստանում, քանի որ նրանց համար պարզորոշ է դարձել՝ Դավիթ Ղազարյանը երկակի խաղի մեջ է մտել, և քանի որ առաջիկայում ընտրություններ են, երկուստեք ուզում են հասկանալ` ի վերջո ում կողմից է խաղալու նա։
Հստակ է մեկ բան՝ «Սպայկա» ընկերության խնդիրները ՌԴ-ում շարունակվում են, իսկ հայաստանյան իշխանությունները չեն շտապում աջակցություն ցուցաբերել իրենց սրտի գործարարին:
Առավել մանրամասն խնդրին կանդրադառնանք հաջորդիվ և որոշ ուշագրավ դրվագներ կհայտնենք։
Թե ինչ զարգացումներ կունենա այս իրավիճակը, ցույց կտա ժամանակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ