Ռուսաստանի լայնածավալ հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, վնասվել է Կիև-Պեչորյան լավրան
Ռուսաստան
Ռուսաստանի կողմից իրականացված լայնածավալ հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն ինը մարդ է զոհվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կիևին, որտեղ վնասվել է նաև պատմական Կիև-Պեչորյան լավրան՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանական համալիրը։
Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ մայրաքաղաքում զոհվել է չորս մարդ, շուրջ 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հարվածների հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր և էլեկտրահաղորդման գծեր, ինչի պատճառով շուրջ 140 հազար բնակիչ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ՝ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում կիրառել է 70 հրթիռ և 611 անօդաչու սարք, որոնց մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցներով։ Միաժամանակ նշվել է, որ բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։
Կիևի իշխանությունները հայտնել են, որ հարվածի հետևանքով վնասվել է նաև Կիև-Պեչորյան լավրայի Վերափոխման տաճարը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը անվանել է հարված քրիստոնեական մշակութային ժառանգությանը։ Միևնույն ժամանակ հարվածներ են արձանագրվել նաև Խարկովում, որտեղ զոհվել է ևս հինգ մարդ։ Ուկրաինայի այլ շրջաններում ևս գործել են օդային տագնապի ազդանշաններ։
Զուգահեռաբար ուկրաինական կողմը շարունակել է հարվածներ հասցնել ռուսական թիկունքային ուղղություններին, այդ թվում՝ Ղրիմ տանող մատակարարման ուղիներին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել