Հունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվը
Իրավունք
Հունգարիան հանրային հասանելիություն է ապահովել կոմունիստական ժամանակաշրջանի գաղտնի ոստիկանության տասնյակ հազարավոր արխիվային փաստաթղթերի՝ դրանք տեղադրելով առցանց տվյալների բազայում։
Հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս ծանոթանալու տեղեկատուների լայն ցանցին, որի միջոցով միակուսակցական կառավարման տարիներին տասնամյակներ շարունակ լրտեսել են քաղաքացիներին։
Այս քայլն իրականացվել է կոմունիստական վարչակարգի փլուզումից ավելի քան 36 տարի անց և Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի՝ արխիվները հանրայնացնելու ու երկրի ամբողջատիրական անցյալին առերեսվելու հնարավորություն տալու խոստման շրջանակում։
«Մենք այժմ՝ 36 տարի անց, իրականացնում ենք այն, ինչ խոստացվել էր վարչակարգի փոփոխության ժամանակ»,- արխիվում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մագյարը՝ նշելով, որ այս պահին հանրությանը հասանելի է դարձել շուրջ 60 հազար անուն։
Լրացուցիչ փաստաթղթերը նախատեսվում է հրապարակել մինչև 2027 թվականի փետրվարը։ Միևնույն ժամանակ, արխիվներն ամբողջական չեն․ փաստաթղթերի զգալի մասը ոչնչացվել է 1956 թվականին՝ խորհրդային իշխանության դեմ Հունգարիայի ապստամբության ընթացքում, ինչպես նաև 1988-1989 թվականներին։
Վարչապետը հանրությանը կոչ է արել փաստաթղթերի հրապարակմանը մոտենալ պատասխանատվությամբ և մարդկայնությամբ՝ հաշվի առնելով, որ բացահայտումները կարող են դժվարին իրավիճակի առաջ կանգնեցնել բազմաթիվ ընտանիքների։
«Խնդրում եմ բոլորին այս վաղուց սպասված փաստաթղթերի հրապարակմանը վերաբերվել արժանապատվությամբ և մարդկայնությամբ։ Շատ ընտանիքներ այժմ ստիպված կլինեն առերեսվել դժվարին տեղեկությունների, որոնք հաճախ վերաբերում են իրենց մահացած հարազատներին։ Անհնար է հաղթահարել տրավման՝ առանց քննարկելու և հարցեր տալու»,- նշել է Մագյարը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է