Վաղը ՀՔԾ-ն կհարցաքննի Հրայր Թովմասյանին
ԻրավունքՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը կհարցաքննի Հրայր Թովմասյանին: Այս մասին պաշտպանին հայտնել է ՀՔԾ քննիչը:
«Վաղը` ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննելու են Հրայր Թովմասյանին»,- ասաց պաշտպանը:
Թե ինչ գործով է Հրայր Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։
Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։