Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ. Լևոն Տեր-Պետրոսյան
ՔաղաքականՓաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ: Այս մասին իր երկարատեւ հայտարարության մեջ նշել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն...»:
Այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ, և հայտարարությունը ստորագրած ուժերը խոստովանեին նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին:
Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».
ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:
բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:
Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը:
Ինչ վերաբերում է ժողովրդին, որի անունից են, իբրև թե, հանդես գալիս վերը նշված ուժերը, իսկ վերջինիս կողմից մերժվելու պարագայում կշտամբում նրան անհասկացողության, տգիտության և անտարբերության մեջ, պետք է մեկանգամընդմիշտ հասկանալ՝ ժողովուրդը մեր երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի: Ավելին, հենց ինքն է դրա ծանրագույն հետևանքների անմիջական ու միակ կրողը: Ժողովրդի առջև պետք է միայն գլուխ խոնարհել. հանուն Արցախի ազատագրման նա գնաց հսկայական զոհողությունների, անտրտունջ կրեց լիակատար շրջափակման, Հայաստան մտնող գազամուղի և երկաթգծերի պարբերական պայթեցումների պատճառած անտանելի զրկանքները և, ամենակարևորը, զոհաբերեց տասնյակ հազարավոր իր զավակների կյանքը:
Հակառակ թե՛ իշխանական և թե՛ քաղաքական շրջանակներից հնչեցվող անարդարացի քննադատությունների, պարտության մեջ որևէ մեղք չունի նաև մեր բանակը: Իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով նա ստիպված եղավ խիզախաբար մարտնչել թվաքանակով և գերժամանակակից սպառազինությամբ իրեն բազմիցս գերազանցող հակառակորդի դեմ և մինչև վերջ անձնվիրաբար կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ:
Վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին:
Ինչևիցե, այս ամենն արդեն պատմություն է՝ ենթակա ցանկացած մեկնաբանության, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրը, սակայն այն է, թե ինչպիսի դասեր պետք է քաղել պատմությունից: Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ:
Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ, Խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում: Դրանք են՝ առաջին հերթին, անշուշտ, համալսարանական տարիների իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը, իսկ հետագայում՝ անվանի և վաստակաշատ պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը և երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը: Վստահ եմ, որ ուրիշները նույնպես իրենց շրջապատում ճանաչել են այսպիսի մտածողություն ունեցող հեղինակավոր անձանց:
Իսկ ավելի վաղ անցյալում, հայ-թուրքական հարաբերություններում զգուշավորություն և խոհեմություն դրսևորելու հորդորներով քաջություն են ունեցել հրապարակավ հանդես գալ միայն հատուկենտ մարդիկ, մասնավորաբար՝ Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ինչի պատճառով 1908 թվականին, հայ հեղափոխականների գրգռությամբ, գահընկեց է արվել: Հաջորդը, թերևս, Հովհաննես Քաջազնունին է, որը, սակայն, անցյալի սխալներին հրապարակավ և ավելի հիմնավոր կերպով անդրադարձել է հետին թվով՝ Առաջին հանրապետության կործանումից հետո, ինչն, այնուամենայնիվ, չի նվազեցնում դրա արժեքը:
Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը:
Ղարաբաղյան շարժման ակտիվիստները և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1965 թվականի ազգային զարթոնքի սերնդից էին և, ըստ էության, սնված էին այդ շրջանում տիրապետող դարձած հայդատական-պահանջատիրական գաղափարներով, գլխավոր կարգախոս ունենալով «հողերը, հողերը» վանկարկումը: Այդ պատճառով, երբ Վազգեն Մանուկյանը, 1988-ի առաջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ», դա ռումբի ազդեցություն գործեց թե՛ ցուցարարների, թե՛ մանավանդ, այսպես կոչված, նոմենկլատուրային մտավորականության շրջանում: Ավելի ցնցող էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածի հրապարակումը: Հաջորդը 1989թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում իմ ունեցած ելույթն էր, իսկ դրանից հետո Կտրիճ Սարդարյանի նույնաբնույթ հրապարակումները:
Հանրությունն աստիճանաբար սկսեց ընկալել իրատեսության, պատրանքներից հրաժարվելու վրա հիմնված այս նոր մտածողությունը, իսկ նոմենկլատուրային մտավորականության շրջանակները՝ Սիլվա Կապուտիկյանի, Լենդրուշ Խուրշուդյանի և Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդարձակ հրապարակումներով կատաղի պայքար ծավալեցին դրա դեմ: Նույնպիսին էր նաև Սփյուռքի հայդատական ուժերի արձագանքը: Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի վայելած անվերապահ հեղինակության պատճառով այս ամենը որևէ ազդեցություն չգործեց հանրության վրա, ինչի վկայությունն է այն, որ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, թե՛ Լենդրուշ Խուրշուդյանը, թե՛ Զորի Բալայանը 1990թ. մայիսին կայացած Գերագույն Խորհրդի ընտրություններում, քվեների հսկայական տարբերությամբ, պարտվեցին Հայոց Համազգային Շարժման թեկնածուներին:
1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում:
Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ: