Իր մոտ ընկերն էր կրակողը, այսօր պետք է դիրքերից իջնեին. մանրամասներ ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանոյանից
ՀասարակությունՇատ հանգիստ, կիրթ խելացի, չափից դուրս հավասարակշռված երեխա էր, բացարձակ կռվարար չէր իր բույթով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց նախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանոյանի ընտանիքի բարեկամը՝ Տիգրան Վարդանյանը:
Վերջինս հայտնեց, որ զինվորը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր, դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։
«Սամվելը ընտանիքի երրորդ զավակն էր. երկու քույր, երկու եղբայր են: Վերջին անգամ 20 օր առաջ եկավ արձակուրդ, տրամադրությունը շատ բարձր էր, ոչ էլ ընկճված էր»,– նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով կատարվածին, նա ասաց, որ պատահական է եղել դեպքը. «Իր մոտ ընկերն է պատահական կրակել, այսօր էլ պետք է իջնեին դիրքերից»,- ցավով նշեց Տիգրանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմանում, նախնական տվյալով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Զվարթ Պետրոսյան