ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 2 մարդ է զոհվել
ԱշխարհԱՄՆ-ն և Կանադան Նիագարայի ջրվեժի վրայով միացնող Rainbow Bridge-ի ամերիկյան կողմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ զոհվել է երկու մարդ: Այս մասին գրում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ սահմանային անցակետում ավտոմեքենա է պայթել։ Դրա պատճառով՝ չորս սահմանային անցումներ են փակվել, իսկ Բուֆալո Նիագարայի միջազգային օդանավակայանում սկսել են ստուգել բոլոր մեքենաները և զգուշացրել են ուղևորներին լրացուցիչ ստուգումների մասին։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն աշխատում են Rainbow Bridge-ի վրա ականապատ մեքենայի պայթյունի վայրում, հայտնում է Fox News-ը։ Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, չի բացառվում, որ դա կարող է լինել ահաբեկչական հարձակման փորձ։
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ից Կանադա ուղեւորվող մեքենայում պայթուցիկ նյութեր են եղել։ Մեքենան կամրջի վրա մեծ արագություն է զարգացրել, ապա, ըստ ամենայնի, վարորդը կորցրել է կառավարումը։ Արդյունքում՝ մեքենան պայթել է սահմանային անցակետի մոտ։ Քննիչները դեռ չեն պարզել, թե կոնկրետ ինչն է պայթյունի պատճառ դարձել։
Մեքենայում գտնվող երկու հոգի մահացել են։
Դեպքի մասին տեղեկացվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Թրյուդոն ասել է, որ անվտանգության լրացուցիչ միջոցներ կներդրվեն Կանադայի բոլոր սահմանային անցակետերում:
Ինչպես հայտնի է, Rainbow Bridge-ը միացնում է ամերիկյան Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգները։