Խնձորի կարմիր «առեղծվածը»
Հասարակություն
«Կարմիր խնձոր» շատ սովորական բառակապակցությունը մի օր իր մեջ մեծ խորհուրդ ու իմաստ ամփոփեց, դարձավ պարկեշտության, մաքրության ու անարատության խորհրդանիշը՝ կտրեց-անցավ ժամանակ ու տարածություն ու... հասնելով մեզ՝ դարձավ պարզունակ, առօրեական, անցավ բերանից բերան ու կորցրեց իր նշանակությունը:
Չափազանց պահպանողական ու ավանդապաշտ հայ ազգը, մինչ «կարմիր խնձոր» երևույթը սրբացնելը, բոլորովին այլ կերպ էր վերաբերվում աղջկական անմեղությանը: Ըստ մի քանի գրավոր աղբյուրների՝ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը զոհաբերում էին Աստղիկ աստվածուհու պաշտանմունքի օրը աստվածուհու անունը կրող տաճարում: Ի դեպ, այն ժամանակ ամենևին էլ էական չէր՝ ով աղջկան կզրկեր կուսությունից: Կարևորն այն էր, որ նրանք իրենց անմեղությունը զոհաբերում էին աստվածուհուն, ով էլ հետագայում դառնում էր նրանց գեղեցկության հովանավորը: Հենց այս աղջիկներն էլ դառնում էին ամենացանկալի հարսնացուները:
«Նման բան հեթանոսական Հայաստանում եղել է, բայց այս երևույթը «կարմիր խնձորի» ծեսի հետ ընդհանրություններ չունի: Բացի այդ, երևույթն իրականում այդքան էլ մեծ տարածում չիունեցել: Իսկ «կարմիր խնձորի» ծեսի մասին այդ ժամանակի համար խոսելն անգամ ավելորդ է մի պարզ պատճառով. հարսնացուների տարիքը տատանվում էր 9-13-ի սահմանում: Բնական է, որնույնիսկ ամուսնանալուց հետո էլ երեխան սեռական կյանքի մասին գաղափար չէր կազմում բավականին երկար ժամանակ: Էլ ուր մնաց, թե նրա ոչ ամուսնական կյանքի անմեղությունը խորհրդանշող որևէ բան պահանջվեր: Պիտի ձեզ զարմացնեմ ու ասեմ, որ «կարմիր խնձորի» ծեսը մեզանում ձևավորվել է միայն 19-20-րդ դարերում: Իսկ ավանդույթի արմատները մահմեդական են: Մենք այն, իհարկե, որոշակի փոփոխություններով փոխառել ենք հիմնականում մեր հարևաններից, ովքեր մինչև հիմա էլ խիստ պահպանողական են այս ծեսի անցկացման կարգում: Ու դեռևս դրանից հրաժարվելու միտումներ չեն նկատվում»,- պարզաբանում է ազգագրագետ Գայանե Շագոյանը:
Սակայն ինչու խնձոր, այն էլ՝ կարմիր: Դե´, կարմիրն ինքնին պարզ է. արյան գույնն է խորհրդանշում: Բայց ինչո՞ւ բազմաթիվ մրգերից հենց խնձորը: Գուցե պատճառն այն է, որ ընդունված է կարծել, թե խնձորն էր այն արգելված պտուղը, որով գայթակղվեց առաջին կինն ու հետո էլ գայթակղեց տղամարդուն:
Դարեր առաջ հարսանեկան գիշերին հաջորդող առավոտը հրացանով մի քանի անգամ կրակում էին, ապա նորահարսի տուն էին ուղարկում ոչ թե կարմիր խնձոր, այլ կտոր-կտոր արված հում հավ, ինչը խորհրդանշում էր նորահարսի կուսությունն ու մաքրությունը: Այդ շրջանում հավը հարսանեկան ծիսակատարության մեջ հարսնացուի խորհրդանիշն էր: Ժամանակի ընթացքում սովորույթը մի փոքր փոփոխվեց. հավի փոխարեն հարսնացուի տուն են տանում կարմիր խնձոր: Ինչպես նշեցինք՝ կարմիրը արյան խորհրդանիշն է, իսկ խնձորը՝ կնոջ պտղաբերության: Բացի այդ, խնձորն իր տեսքով հիշեցնում է կնոջ ֆիզիոլոգիական կառուցվածքը:
Պահպանողական հասարակարգում «կարմիր խնձոր» երևույթի ստուգումը հատուկ արարողություն էր. հավաքվում էին ծանոթ-ազգական, հարևան-բարեկամ ու «զննում» էին նորապսակների անկողինը:
Տարօրինակն էլ հենց այն է, որ ամոթի ու պարկեշտության այդ ժամանակաշրջանում շատ ավելի անպարկեշտ ու գռեհիկ էր բուն երևույթը: Բայց է´լ ավելի տարօրինակ է, որ ապրում ենք 21-րդ դարում, ամեն կերպ փորձում ենք ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին, բայց շարունակում ենք պահպանել պարկեշտ երևույթի գռեհիկ արտահայտությունը, ինչի պատճառով էլ անմեղությունը շարունակում է արժեվորվել, բայց ոչ թե բարոյապես, այլ որպես ապրանք, որը գին ու գնորդ ունի:
Այսօր որքան հեշտ կուսությունը կորցնում են, նույնքան հեշտ էլ կարող են այն վերականգնել բժշկական միջամտությամբ: «Աղջկա կուսության ապացույցը կուսաթաղանթի առկայությունն է, որը պատռվում է առաջին սեռական հարաբերության ժամանակ: Մինչդեռ կուսաթաղանթի բացակայությունն ամենևին էլ անբարոյականության նշան չէ. մանուկ հասակում կուսաթաղանթը տարբեր պատճառներից կարող է վնասվել: Կենդանի օրգանիզմը վնասվածքի դեպքում անպայման արյունահոսում է: Կուսաթաղանթն էլ կենդանի օրգանիզմի մի մասնիկ է, որը, բնականաբար, վնասվելիս ևս արյունահոսում է: Ու ամենևին էլ բարոյականության չափանիշ չէ կուսաթաղանթի առկայությունը: Պարզ ասեմ, անխաթար կուսաթաղանթն աղջկա անմեղության, պարկեշտության մասին վկայել չի կարող, քանի որ երբեմն հանդիպում ենք սեռական տարբեր վարակներով տառապող «կույս» աղջիկների: Մերօրերում կուսաթաղանթը կարելի է վերականգնել պարզագույն վիրաբուժական միջամտությամբ»,- մեկնաբանեց բժիշկ-գինեկոլոգ Ջուլիետա Ստեփանյանը:
Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև կարծիքները երևույթների վերաբերյալ:
Կարծիքներ.
Արման- Ա՜յ մարդ, ազատ սեքս արե´ք, էդ կարմիր-կանաչ խնձորի պահն էլ թարգե´ք: Մենք հո հարյուր տարվա վայրենիներ չե՞նք:
Անահիտ- Ես հպարտ եմ, որ աղջիկ եմ, ու պատրաստվում եմ աղջկական մաքրությունս իմ հարսանեկան զգեստով զարդարել: Երբեք չեմ ընդունի, որ կարելի է մինչև ամուսնանալը սեռական կյանքով ապրել ու էլի մաքուր լինել: Էդ եվրոպական ազատամտությունն իմ համար չի ու չի էլ լինի, ինչքան էլ խորը սիրահարված լինեմ:
Վարդան- Ամուսնացողները պիտի որոշեն իրենց հարսանիքի փուլերի ընթացքը: Որ կինս չուզենա մեր անկողնու դետալները քննարկել, կարող է՞ ես պիտի ստիպեմ իրեն: Ասեմ ավելին, եթե նույնիսկ ինքը համաձայն լինի, ես իքնս թույլ չեմ տա նման բան: Մեր անկողինն է. ոչ ոք իրավունք չունի այն ստուգելու:
Տաթևիկ- Մեզ մոտ այնքան է ամեն ինչ ծայրահեղացված, որ ես նույնիսկ դեպքեր գիտեմ, երբ արդեն հղի կնոջը հարս են տարել, բայց կարմիր խնձոր են բերել, որ հարևանների աչքը մտցնեն:
Վահե- Միանշանակ կասեմ. ինչքան էլ ժամանակ անցնի, էս ավանդույթը չպիտի կորցնի իր ուժը: Իմ համար ամենակարևորը հենց աղջկա կուսությունն է: Ու սուտ կլինի, որ ասեմ, եթե շատ սիրեմ, դրան ուշադրություն չեմ դարձնի: Ես ըտենց աղջկա կյանքում շատ չեմ սիրի: Ուզում եք, ասեք՝ հետամնաց եմ: Դա արդեն ձեր պրոբլեմն է:
Լևոն- Դե´, գիտե՞ս ինչ, հայ ենք, վերջիվերջո, ու մեր ադաթներն ունենք, բայց ես էդ ցուցադրական պահը միշտ էլ չեմ ընդունել: Եթե նույնիսկ կինն արդեն մի ուրիշ տղամարդու հետ քնել է, նա, միևնույն է, կարմիր խնձոր «կազմակերպելու» ձևը կգտնի: Ու գիտե՞ս, ես ինչ-որտեղ կողմ եմ, երբ մինչև ամուսնությունը զույգի մոտ սեռական հարաբերություններ են լինում: Դա հետագայում շատ օգնում է:
Հասմիկ- Առնվազն անբարոյականություն է մինչև ամուսնանալն անկողին մտնելը, կապ չունի՝ ում հետ: Ուզում եմ ասել, նույնիսկ եթե դա հենց այն մարդն է, ումհետ ամուսնանալու ես: Որ շատ սիրի, կսպասի մինչև առաջին գիշերը: Հա´, ու իմ կարմիր խնձորը, շատ կուզեմ, որ հենց ավանդույթի համաձայն մատուցվի:
Սուրեն- Ես շատ աղջիկների գիտեմ, որ այնպիսի բաներ են անում, որ մարդկային երևակայության մեջ նույնիսկ չի տեղավորվում, բայց վերջում կույս են մնում, կամ վերականգնում են կուսությունը ու դրանով շատ լավ տղաների են խաբում:
Կարեն- Քո կարծիքով, աղջկա արժանապատվությունն ու պատիվը կախված է էդ մի կտոր թաղանթի՞ց: Ախր, էսօր շատ հեշտ ա դրա հարցերը լուծելը: Կարևորը՝ ինքդ քեզ չխաբես ու ինքդ քո առաջ մաքուր մնաս:
Աննա- Մենք մի կյանք ենք ապրում: Հա´, ես չեմ ասում ամեն պատահածի հետ անկողին մտնես: Բայց ինքդ քեզ համար պիտի որոշես'երբ ու ինչպես վարվել: Դա պետք է միայն քո ու քո կողակցի խնդիրը լինի:
Աշոտ- Աղջկա մաքրությունը իմ համար ամենկարևորն ա: Բա ի՞նչ եք առաջարկում, մի քանի անկողիններով անցնի, հետո էլ գա ու դառնա իմ երեխաների մա՞յրը: Շատ հետաքրքիր ա, հետո ինչքանո՞վ համոզված լինեմ, որ հայրը ես եմ: Կարողա՞ մինչև երեխու անուն դնելը'գնամ ԴՆԹ-ի թեստ հանձնեմ:
Դեռ Շեքսպիրն է ասել. «Աղջկա համար ամենակարևորը նրա արժանապատվությունն է»: Խոսքն ամենևին էլ «կարմիր խնձոր» երևույթի մասին չէ, երբ ինչ-որ «օտար» մարդկանց թույլ ես տալիս մտնել ձեր երկուսի հարաբերությունների մեջ, կամ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես ապացուցում: Ամենակարևորն այն է, որ ինքդ քեզ ուքո կողակցի հետ, անկախ ամեն ինչից, անկեղծ ու մաքուր լինես: Արժանի լինես այն ճերմակ զգեստին, որ հագնելու ես ու այն խորանին, որին մոտենալու ես:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան