ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Հասարակություն
Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը։
Բանաձևը Մարդու իրավունքների խորհրդում ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի կողմից, որի կազմում են Հայաստանը, Էստոնիան, Ռուանդան, Ուրուգվայը, Սենեգալը, Շվեդիան և Ղազախստանը։
Փաստաթուղթն անդրադառնում է թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին և դրանց կիրառման հետ կապված մարտահրավերներին՝ մարդու իրավունքների համատեքստում։ Այն կենտրոնանում է երեք հիմնական ուղղությունների վրա՝ տեխնոլոգիաների հասանելիություն, կանանց և աղջիկների լիարժեք մասնակցություն տեխնոլոգիաների զարգացման և կառավարման գործընթացներին, ինչպես նաև դրանցից բխող ռիսկերից պաշտպանություն։
Բանաձևի նպատակն է նպաստել գենդերային թվային խզումների հաղթահարմանը, այդ թվում՝ տեխնոլոգիական հմտությունների բացերի կրճատմանը, խթանել կանանց և աղջիկների ներգրավվածությունը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կառավարման գործընթացներում, ինչպես նաև արձագանքել նոր առաջացող ռիսկերին՝ ներառյալ խտրականությունը, ալգորիթմային կողմնակալությունը և տվյալների ներկայացուցչականության հետ կապված խնդիրները։
Բանաձևի կարևոր բաղադրիչներից է միջազգային համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների անդրսահմանային բնույթը և դրանց արդյունավետ կառավարման համար բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը խրախուսում է գիտելիքների և փորձի փոխանակումը, կարողությունների զարգացումը և առկա ու նոր մարտահրավերներին համատեղ արձագանքը։
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բանաձևի ներկայացման ընթացքում նշել է, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը կարող են վերարտադրել և խորացնել արդեն գոյություն ունեցող անհավասարությունները։
Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում կարևոր է, որ կանանց և աղջիկների իրավունքները շարունակեն մնալ միջազգային ջանքերի կենտրոնում։
Բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող շուրջ հինգ տասնյակ պետություններ։ Այն դիտարկվում է որպես բազմակողմ հարթակներում գենդերային հավասարության խթանման և տեխնոլոգիաների ու նորարարության առաջմղման ուղղությամբ Հայաստանի հետևողական աշխատանքի շարունակություն։
Փաստաթուղթն արտացոլում է նաև թվային փոխակերպման պայմաններում գենդերային հավասարության խթանման վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը՝ հաշվի առնելով, որ տեխնոլոգիական ոլորտում կանանց ներկայացվածությունը երկրում զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։
Նախաձեռնության ներկայացումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության սրընթաց զարգացումն առավել հրատապ է դարձրել տեխնոլոգիաների, հավասարության և մարդու իրավունքների փոխկապակցվածության շուրջ արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը