Դավութօղլուն մեկնաբանել է Էրդողանի՝ 1915 թվականի դեպքերի առնչությամբ արված հայտարարությունը
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 24-ին ընդառաջ հայերին հղած ուղերձը նախքան հրապարակումը երկար ժամանակ պատրաստվել և ծրագրավորվել էր թուրքական պաշտոնական նեղ շրջանակի կողմից: Ուղերձի նախապատրաստական աշխատանքներին տևական ժամանակ մասնակցել են այդ նեղ խմբի մեջ ներառված վարչապետը, արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նաև մեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի դեպքերի առնչությամբ արված հայտարարությունը: Այս մասին հայտնում է trend.az-ը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber կայքը։
Դավութօղլուն հույս է հայտնել, որ այս կոչն իր արձագանքը կգտնի։
«Պատմությունը միայն սև ու սպիտակ գծերից չէ բաղկացած։ Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է առաքինություն ունենա կիսելու անցյալի տառապանքների ցավն ու վիշտը ։ Այսօրվա (երեկվա-խմբ.) հայտարարությունը միաժամանակ նաև կոչ է։ Հուսով ենք, որ այդ կոչն անպատասխան չի մնա»,- ասել է Դավութօղլուն։
Ըստ Էրդողանի՝ թուրք և հայ պատմաբանները պետք է ստեղծեն համատեղ հանձնաժողով՝ 1915 թվականի դեպքերը հետաքննելու համար։ Նա նշել է, որ միայն համատեղ ուսումնասիրությունը կարող է տալ 1915 թվականի դեպքերի օբյեկտիվ գնահատականը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ խաղաղություն մաղթելով 20-րդ դարի սկզբին ցեղասպանությանը զոհ գնացած հայերի հոգիներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու