Երկրպագուներն ու ընկերները Երևանից Արամ MP3-ին սատարող անակնկալ են մատուցելու
Աշխարհ
«Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն սատարման պակաս չի զգա: Մայիսի 2-ին նրա ընկերները, երկրպագուներն ու պարզապես ակումբային կյանքը սիրող մարդիկ կհավաքվեն Երևանի «Կամի» ակումբում, որի նախաձեռնությամբ հետաքրքիր անակնկալ կմատուցվի երգչին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման մենեջեր Իննա Մկրտչյանը պատմեց, որ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակներին սատարելուն ուղղված նման նախաձեռնությամբ իրենք հանդես են գալիս առաջին անգամ:
«Միջոցառման ընթացքում կնկարահանվի տեսահոլովակ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն մոնտաժվելուց հետո կուղարկվի Արամ MP3-ին»,- պատմեց Մկրտչյանը' նաև տեղեկացնելով, որ տեսանյութից բացի ցանկացողները կկարողանան ուղղել Արամ MP3-ին նաև իրենց մաղթանքները հատուկ պաստառի վրա գրառումներ կատարելով:
Երգիչն այս ամենի մասին տեղյակ չէ, և, կազմակերպիչների հավաստմամբ, սա անակնկալ է լինելու նրա համար:
Մկրտչյանի խոսքով` կայանալիք միջոցառմանն ակնկալվում է մոտ 100-200 մարդկանց ներկայություն, որտեղ երաժշտությունը նույնպես կտարածի եվրատեսիլյան շունչը: Ողջ միջոցառման ընթացքում, դիջեյի ուղեկցությամբ, կհնչեն մրցութի տարբեր տարիների, Հայաստանի և այլ երկրների մասնակիցների երգերը:
Առաջիկայում ակումբը ծրագրում է նման սատարման երեկոները պարբերական դարձնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու