ՆԱՏՕ-ն և Պենտագոնը չեն հաստատում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշումը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշման վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը: «Մենք ոչ մի տվյալ չունենք այն բանի վերաբերյալ, որ Ուկրաինայի սահմանի երկայնքով զորքերի դիրքերը փոխվել են»,- «Ռոյթերս» գործակալությանն ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին սահմանային շրջանում է գտնվում ռուսական զորքերի 40-հազարանոց խմբավորումը:
Մայիսի 7-ին Պուտինը, ամփոփելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է. «Մեզ շարունակ ասում էին, որ անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ մեր զորքերի ներկայությունից: Մենք դրանք հետ ենք քաշել, նրանք այսօր գտնվում են ոչ թե Ուկրաինայի սահմանին, այլ այն վայրերում, որտեղ անցկացնում են իրենց կանոնավոր վարժանքները՝ զորափորձարաններում»:
Պուտինը նաև կոչ է արել ուղղակի լիարժեք երկխոսություն հաստատել Կիևի ներկայիս իշխանությունների և Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչների միջև: Նրա խոսքով՝ Ռուսաստանը խնդրում է ֆեդերալացման կողմնակիցներին հետաձգել մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն, որպեսզի հնարավոր լինի լիարժեք պայմաններ ստեղծել դրա անցկացման համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու