«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ռազմական օգնություն ցույց տալ Կիևին». Անդերս ֆոգ Ռասմուսեն
Աշխարհ
ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հնարավորությունը: Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտնել է Լեհաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Մենք ռազմական օգնության մասին չենք խոսում»,-ասել է նա, ընդգծելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: «Բայց համաշխարհային հանրակցությունը պաշտպանում է Ուկրաինային»,-հավելել է նա:
Ռասմուսենը հերթական անգամ հնչեցրել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի Ռուսաստանը պետք է իր զորքերը հեռացնի Ուկրաինայի հետ սահմանից, և Մոսկվային սպառնացել է «միջազգային հանրակցության» կողմից «ավելի ընդգրկուն ու խորը պատժամիջոցներով»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատել Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշման վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը: «Մենք ոչ մի տվյալ չունենք այն բանի վերաբերյալ, որ Ուկրաինայի սահմանի երկայնքով զորքերի դիրքերը փոխվել են»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին սահմանային շրջանում է գտնվում ռուսական զորքերի 40-հազարանոց խմբավորումը:
Մայիսի 7-ին Պուտինը, ամփոփելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է. «Մեզ շարունակ ասում էին, որ անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ մեր զորքերի ներկայությունից: Մենք դրանք հետ ենք քաշել, նրանք այսօր գտնվում են ոչ թե Ուկրաինայի սահմանին, այլ այն վայրերում, որտեղ անցկացնում են իրենց կանոնավոր վարժանքները՝ զորափորձարաններում», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու