Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը Լեյլա Յունուսին առաջադրել է հեղինակավոր պարգևի
Ադրբեջան
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը Լեյլա Յունուսին առաջադրել է «Արիության համար» հեղինակավոր միջազգային International Women of Courage Award պարգևի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azadlig.info-ին հայտնել է Լեյլա Յունուսի տեգրը՝ ամերիկաբնակ Ռամիզ Յունուսը:
Պարգևը 2007 թվականին հիմնադրվել է ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի նախաձեռնությամբ: Պարգևը տրվում է սոցիալական արդարության և մարդու իրավունքների պայքարում առաջնորդության մեջ իր որակներով առանձնապես տարբերված կանանց: Այդ պարգևին մինչ այժմ արժանացել են աշխարհի 27 երկրների 36 կանայք:
Լուրը դեկտեմբերի 10-ին Բաքվի Քյուրդախանիի մեկուսարանում Լեյլա Յունուսին ԱՄՆ-ի կառավարության անունից հաղորդել է նրա փաստաբանը:
Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության և այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:
Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է և միջազգային կազմակերպություններին արված՝ Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:
Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաև 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետևանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգևի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել